ՀՀԿ համագումարը նմանվում էր նախկին և ներկա իշխանավորների մի յուրօրինակ հավաքի, որտեղ ծանոթ շպարով կանայք էին, հանրապետականացած, կարիերիստ երիտասարդներ, պաշտոնավորներ ու անպաշտոնավորներ, ակնկալիք ունեցող անձինք: Այս «հավաքից» կուսակցական գաղափարախոսության հոտ չէր գալիս, Նժդեհն ու նրա «թեզիսները» հաստատ կմոլորվեին այդ ողջ իրարանցման մեջ: Այդուհանդերձ, փորձեցինք ՀՀԿ-ական մի քանի մարզպետներից, համագումարին ներկա մտավորականներից ճշտել, թե, ի վերջո, գաղափարախոսական ո՞ր սկզբունքի համար կարելի է անդամակցել այս կուսակցությանը:
ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ (Արագածոտնի մարզպետ)
-Ես ՀՀԿ-ին անդամակցել եմ կուսակցության գործունեության, կատարած աշխատանքների համար: Մանավանդ վերջին տարիներին մեր մարզում մեծ աշխատանքներ են կատարվել: Այս բոլորը ոգևորում են և խոստումնալից են:
-Հասկանալի է, որ գնահատում եք ՀՀԿ-ի գործունեությունը, բայց խոսքը կուսակցության գաղափարախոսության մասին է:
-Գաղափարախոսական բոլոր սկզբունքներն էլ հոգեհարազատ են, ի դեպ, ոչ միայն ինձ, այլև մեր բնակչության մեծամասնության համար: ՀՀԿ-ի գաղափարախոսությունը միայն արժեքային է ու ազգային:
ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ (Շիրակի մարզպետ)
-Այսօր պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու:
-Փաստորեն, ՀՀԿ-ի գաղափարախոսության մասին պիտի պատրաստվեք, նո՞ր խոսեք:
(Հարցն օդում թողնելով, մարզպետը հեռացավ- Ռ. Խ.):
ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ (կոմպոզիտոր)
-Ես կխոսեմ անկուսակցականության դիրքերից (Մարտին Վարդազարյանը Երևանի ավագանու ՀՀԿ անդամ է- Ռ. Խ.): Բոլոր դրականներն ու բացասականներն ինձ բավարարում են: Անկախ կուսակցական պատկանելությունից, յուրաքանչուրիցս է կախված, թե այդ գաղափարներն ինչ չափով կիրականանան:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ